ԾԱՆՐԱՁՈՂՈՎ ԿՔԱՆԻՍՏ ՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ․ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՄԱՐԶԻՉ ՄՀԵՐ ԽԱՆԶԱՏՅԱՆԻՑ

Մարտ 21, 2023

Ծանրաձողով կքանիստը ամենալայն տարածում ունեցող վարժություններից է, որը կարելի է կատարել տարբեր տեխնիկաներով։

Կքանիստի երեք տարբերակներն էլ՝ ծանրաձողն առջևում, դասական և սումո, օգտագործվում են տարբեր ֆիթնես ծրագրերում։

Բոլոր տարբերակներն ուղղված են գոտկատեղից ներքև գտնվող մկանների զարգացման համար։ Յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները։

Այս գրառմաբ կարող եք ծանոթանալ բոլոր երեք տեխնիկաների տարբերություններին։

Ծանրաձողն առջևում
Դասական կքանիստի տեսակ, որի ժամանակ ծանրաձողը պահում են ուսերի առջևի հատվածում։ Այս տարբերակն ուղղված է ազդրի քառագլուխ մկանների, գլյուտեալ, մեջքի և որովայնի մկանների զարգացմանը։

Քանի որ ամբողջ ծանրությունը կենտրոնացված է իրանի առջևի հատվածի վրա, պահանջվում է իրանի ավելի մեծ ստաբիլիզացիա, իսկ ծանրաբեռնվածությունն ազդրի քառագլուխ մկանների վրա ավելի մեծ է լինում, քան դասական կքանիստերի ժամանակ։

Ծանրաձողն առջևում կքանիստը ծանրաբեռնում է նաև մեջքի վերևի հատվածի մկանները, ինչի շնորհիվ ոչ միայն օգնում են ուժեղացնել գոտկատեղից ներքև գտնվող մկանները, այլև օգնում են ուղղել իրանի կեցվածքը։

Դասական տեխնիկա
Դասական տեխնիկան ամենատարածվածն է և առավել հաճախ է օգտագործվում մարզվողների կողմից։

Այս տարբերակի դեպքում, ծանրաձողը հենում են մեջքի վերևի հատվածի` սեղանարդաձև մկանների (Trapezius muscle) վրա։ Ի տարբերություն նախորդ տեխնիկայի, այստեղ ծանրաբեռնվածությունն ավելի համաչափ է տարածվում մարմնի վրա, ինչն ավելի հեշտացնում է վարժության կատարում, և նպաստում է ստորին վերջույթների և նստամկանի առավել ուժեղացմանը։

Վարժությունը զարգացնում է նաև կոորդինացիան և բալանսը։

Սումո կքանիստ
Կքանիստի այս տեսակի ժամանակ մարզվողը կանգնում է ոտքերի ավելի լայն բացվածքով։ Ոտնաթաթերը ուղղված են լինում դեպի դուրս։

Այս տարբերակում ծանրաբեռնվածությունն ուղղված է ազդրի քառագլուխ մկանների, գլյուտեալ մկանների՝ ազդրը զատող մկանը (ազդրի ներքին հատվածը) և ծնկան հոդը ստաբիլիզացնելու համար։

Սումո կքանիստը ավելի քիչ է ծանրաբեռնում մեջքի ստորին հատվածը և նպաստում է ստորին վերջույթների շարժունակության և ուժի ավելացմանը։

Այս տարբերակների հետ մեկտեղ առանձնացնում են նաև այլ տեխնիկաներ։

Բոլոր տարբերակներն էլ ունեն առանձնահատկություններ, հիմնականում զարգացնում են ստորին վերջույթների մկանների ուժն ու շարժունակությունը և նպաստում մկանային զանգվածի ավելացմանը, բայց միշտ պետք է հիշել, որ ծանրաձողով կքանիստ վարժությունը բարդ տեխնիկա է և պահանջում է մարմնի համապատասխան պատրաստվածություն։

Այս վարժությունները կատարելուց առաջ մարզիչի հետ խորհրդատվությունը պարտադիր է։